Ֆրանսիան չի հրաժարվի տեխնահսկաների հանդեպ հարկեր մտցնելու պլաններից, ինչպիսին են Facebook-ը եւ Apple-ը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը՝ չնայած Վաշինգտոնի դիմակայությանը, տեղեկացնում է AFP-ն։

Մարտին Ֆրանսիան ներկայացրեց օրինագիծ, որը երեք տոկոսանոց հարկ էր սահմանում թվային գովազդի, անհատական տվյալների վաճառքի եւ այլ եկամուտների վրա տեխնոլոգիական ցանկացած ընկերության համար, որի ամենամյա եկամուտն ավելի քան 750 մլն եվրո է։

«Մենք լի ենք վճռականությամբ՝ մտցնելու հարկը խոշոր թվային ընկերությունների համար, որպեսզի ապահովենք արդարությունն ու արդյունավետությունը միջազգային հարկային համակարգի համար»,- ասել է լը Մերը Բուխարեստում, ուր եկել է եվրագոտու գործընկերների հետ բանակցելու համար։ «Բոլոր պետություններն ընդունում են ինքնուրույն, ազատ եւ ինքնիշխան որոշումներ հարկային հարցերում»,- հավելել է նա։

Ֆրանսիան օրինագիծը մշակել է այն բանից հետո, երբ Եվրամիությունում գործադրվող ջանքերը խափանվել են ցածր հարկերով երկրների կողմից, ինչպիսին է Իռլանդիան, որտեղ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հիմնել են իրենց կենտրոնատեղին։

Մյուս երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ավստրիան եւ Իտալիան, դիտարկում են Ֆրանսիայի օրինակին հետեւելու հնարավորությունը։

Ֆրանսիայի ֆինանսների նախարարի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առարկել է այս առիթով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ լը Դրիանի հետ Վաշինգտոնում հանդիպման ընթացքում։ Պոմպեոն նշել է, որ հարկը վնաս է հասցնում ամերիկյան ընկերություններին եւ դրանք օգտագործող ֆրանսիական քաղաքացիներին։