Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես արգելել են օտարերկրացիների մուտքը Տիբեթ։ Այս մասին հայտնել են չինական տուրիստական գործակալությունները, ովքեր մարտ ամսվա համար դեպի Տիբեթ հայտեր չեն ընդունում։
Նման որոշման պատճառները չեն հաղորդվում։ Փորձագետները դա պայմանավորում են Տիբեթում զանգվածային հուզումների 3-ամյակի լրանալու հետ։
2008 թվականի մարտին Լհասե քաղաքում բախումներ էին տեղի ունեցել Չինաստանի եւ Տիբեթի անկախության կողմնակիցների միջեւ, որոնք վերաճել էին ջարդերի։ Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին 20 զոհի մասին, մինչդեռ Տիբեթի կառավարությունը հաղորդել էր 80 զոհի մասին։
Անկարգությունների ավարտից հետո իշխանությունները հետամուտ էին եղել կատարվածի հետաքննությանը։ Ակցիաներ կազմակերպելու համար Պեկինը մեղադրել էր Դալայ-լամային։
Իրավապաշտպանների տվյալներով, չինական իշխանություններն այն ժամանակ թույլ էին տվել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Այս իրադարձություններից հետո օտարերկրացիների մուտքը Տիբեթ գրեթե մեկ տարով արգելվել էր։





























