NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։ NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային Միության հերոս Սամսոն Մովսեսի Մկրտումյանը ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում:
Անդրկովկասյան ճակատի 4-րդ օդային բանակի 230-րդ գրոհային ավիադիվիզիայի 805-րդ գրոհային ավիագնդի էսկադրիլիայի հրամանատարի քաղաքական գծով տեղակալն էր, կապիտան:
1941 թվականի հունիսի 22-ից հուլիսի 9-ը ՍԲ օդանավով (միջին ռմբակոծիչ) եւ 1942 թվականի հունիսի 24-ից նոյեմբերի 16-ը ԻԼ-2 օդանավով իրականացրել է 27 մարտական թռիչք: Ոչնչացրել է՝ 10 տանկ, 29 ավտոմեքենա, հակառակորդի մինչեւ 120 զինվորի եւ սպայի, օդային մարտում խփել է թշնամանական կործանիչ:
Օդային մարտում զոհվել է 1943 թվականի նոյեմբերի 1-ին Գոմել քաղաքի շրջանում (Բելառուս): Հետմահու պարգեւատրվել է ԽՍՀՄ Հերոսի կոչումով:




























