Ամերիկյան քաղաքականության մեջ բեւեռացման ֆոնին հանրապետականներն ու դեմոկրատներն անսպասելի երկկուսակցական կոնսենսուսի են եկել՝ զինվելով որպես ընդհանուր հիմք Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ «մեծ տերությունների մրցակցության» գաղափարով, The Washington Post-ի համար գրած հոդվածում նշում է «KKR գլոբալ ինստիտուտի» գործադիր տնօրեն Վենս Սերչուկը:
Վաշինգտոնը, մասնավորապես, պետությունների հետ մրցակցություն է տեսնում տեխնոլոգիական եւ ռազմական գերազանցության համար պայքարում: Սակայն Միացյալ Նահանգները սխալ է հասկանում Մոսկվայի եւ Պեկինի հետ մրցակցության էությունը, սա իր հերթին կարող է բերել ձախողման, նշում է հեղինակը:
Որպես օրինակ կարելի է դիտարկել Սիրիան, որտեղ Միացյալ Նահանգները 2011 թվականից պայքարում է Ռուսաստանի դեմ: Պայքարը Վաշինգտոնին տվեց ակնհայտ անբարենպաստ արդյունքներ, արձանագրում է Սերչուկը: Սիրիայում ԱՄՆ ռազմական հզորությունը տեխնիկապես գերազանցում է ռուսականին, սակայն արդյունքում Կրեմլը հաջողեց մերձավորարեւելյան տարածաշրջանում, եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հաջողվեց իշխանությունը պահել, չնայած նրա ռեժիմը տապալելու ԱՄՆ պահանջներին:
Մոսկվայի հաջողությունը «խորամանկ դիվանագիտության» մեջ է՝ զուգակցված կետային եւ անսպասելի ռազմական քայլերով: Համանման պատմություն տեղի ունեցավ նաեւ Հարավ-Չինական ծովում՝ վերջին տասնամյակում Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ աշխարհաքաղաքական մրցակցության ամենանշանակալի տեսարանը, նշում է հոդվածի հեղինակը:





























