Ստամբուլահայ հայտնի լեզավաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման, այսպես կոչված, անօրինական շինություն կառուցելու համար։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  թուրքական դատարանի որոշումը կապված է վերջին շրջանում Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Նիշանյանի տներ»-ի հետ, որոնք Իզմիրի նահանգապետարանը ցանկանում է քանդել՝ համարելով, որ դրանք անօրինական են կառուցված։  Դատարանը Սեւան Նիշանյանին նաեւ տուգանել է 160 լիրայով, զրկել մի շարք իրավունքներից։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Նիշանյանն ասել է, թե դա իրեն երեխաների խաղ է հիշեցնում: «Ես սրտանց ներում այդ որոշումն ընդունող դատավորին»,-ասել է նա։

Նշենք, որ Իզմիրի նահանգապետարանի խորհրդի անդամները, որոնց հիմնական մասը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հակահայ թեւի ներկայացուցիչներ են, որոշում են կայացրել քանդել Թուրքիայի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը հանդիսացող Շիրինջե գյուղի «Նիշանյանի տներ» շինությունը, որը բաղկացած է 16 տներից, որոնք կառուցված են գյուղական կոլորիտով եւ յուրօրինակ լուծումներով։

«Նիշանյանի տները» հանդիսանում են զոբսաշրջիկների հետաքրքությունների վայր եւ օգտագործվում են որպես իջեւանատուն-հյուրանոց։

«Այս գործողությունն ուղղված չէ անօրինական շինությունների քանդմանը։ Այն նպատակ ունի հասկացնել Նիշանյանին, որ նա իր տեղն իմանա։ Այն նպատակ ունի քանդել Նիշանյանի տները։  Բյուրոկրատական ուժը դուրս է եկել իր ափերից։ Իմ տների քանդումը ծածկելու համար ձեւական որոշում է կայացվել՝ քանդել նաեւ գյուղացիների կողմից իրենց տներին կից կառուցված հավելյալ շինությունները»,- ասել  էր պոլսահայ գրողը։

Սեւան Նիշանյանը պնդել է, թե ինչ էլ լինի, առանց իրեն խփելու, ոչինչ չեն կարող անել։ «Եթե արյուն են ուզում, արյուն կհոսի։  Բյուրոկրատիան կարող է այս անգամ հաղթել, բայց ճակատամարտը երբեք չի հաղթի, քանի որ ժողովրդի դեմ են պայքարում»,-նշել էր Նիշանյանը։