Ճապոնիայի իշխանությունները Միացյալ Նահանգներին բողոք են հայտնել Օկանավա պրեֆեկտուրայում ամերիկացի զինծառայողի կողմից տեղացի կնոջը սպանելու կապակցությամբ, հայտնում է Kyodo-ն:

Նշվում է, որ Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը բողոքն արտահայտել է հեռախոսով ամերիկացի դեսպանին: Ճապոնիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից նաեւ պահանջել է աջակցություն ցույց տալ տեղի ունեցածի քննության գործում եւ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն նման միջադեպերի կրկնումից:

Ավելի վաղ Kyodo-ն հայտնել էր, որ ԱՄՆ ծովային հետեւակում ծառայող զինծառայողը Օկինավա պրեֆեկտուրայում կնոջը սպանել էր, որից հետո ինքնասպան եղել: Միջադեպը տեղի է ունեցել Տյատան քաղաքում:

Տեղի ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:

Օկինավային բաժին է ընկնում Ճապոնիայի տարածքի ընդամենը 0,6 տոկոսը: Սակայն այստեղ է կենտրոնացած երկրում ամերիկյան ռազմական օբյեկտների մոտ 70 տոկոսը, որոնց թվում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ԱՄՆ ՌԾՈՒ ամենախոշոր Կադենա բազան: