Արմավիրի Զարթոնք գյուղի բնակիչներն այս պահին շարունակում են փակ պահել Երեւան-Գյուրի երկաթգիծը: Նշենք, որ այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել գյուղում, հնչել են կրակոցներ: Ըստ գյուղացիների՝ կրակողը եղել է գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը:

Բնակիչներից մի կին բորբոքված դիմեց ոստիկաններին՝ «Դրանց մի պաշտպանեք, ինձ ամենավերջին բառերն ասել ա, ինձ ծեծել ա, չռփել ա, թող մտնեն դրանց տները խուզարկեն: Մենք վախենում ենք, առավոտ ժամը 5-ից մեզ մեռցնում ա Նանուշը (գյուղապետի աղջիկն է, ով նաեւ դպրոցի տնօրենն է-խմբ), իրա տղեն, հերը, կրակում են, խփում են, քարկոծում են, քֆրտում են, վառում են: Մենք չենք կարա քնենք, էստեղ պիտի նստենք, 10 օր հետո Նիկոլը կգա, կբացենք: Մարդիկ մեկ շաբաթում գործ են բացահայտում, սրանք երկու ամիս բան չեն կարողանում անեն:

Ժամը 5-ից մեզ գրոհում են, ժամը 5-ից մեզ վրա կրակում են, ասում են՝ մենք չենք: Ծեծում, լարում են, ասում են մենք չենք: Մինչեւ երբ պիտի սա շարունակվի, մինչեւ երբ պիտի մեր ջահելների հետեւից ընկեն: Եթե գյուղապետի աղջիկը հայհոյանք է տալիս: Գյուղապետի թոռը զենքով հասավ մեր երեխեքի վրա, փախանք, շեշմեքը կպան: Եթե գյուղապետի տղեն ինձ լարում ա, հայհոյում ա: Ի՞նչ գյուղապետ, էսի բանդա ա, խուժան ա: Տնօրենը հասել էր վրաս, որ ծեծի, թե դու խի ես հելել իմ հոր դեմ բողոքի: Մարզպետն էլ է իր կողմից, ասել ՝ դու արխային գյուղը ղեկավարի»,-ասաց ցուցարար կանանցից մեկը՝ հավելելով, որ ակնկալում են, որ ամենաբարձ իշխանությունից գան ու հարցը լուծեն:

«Նանուշն իրավունք չունի դպրոցի տնօրեն լինի, ամենավերջին հայոհայանքներն է տալիս աշակերտների ծնողներին: Ասել ա՝ ցուցարարների երեխեքը դպրոց չմտնեն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Գյուղացիները նաեւ պաստառներ ունեին ձեռքներին, որտեղ գրված  էր. «Պարույր հեռացիր, ժողովուրդ ջան, դուխով, զարթոնքցիներ առաջ»:

Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ոստիկանությունը եւս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ միջադեպի ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել, նրան ոստիկանները վնասազերծել են: «Միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»: