Վրաստանի գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարություն է տարածել, որ հերքի Գեւորգ Սարգսյանի դաժան սպանության քննության ընթացքի մասին սյուժեն, որը դեռեւս անգամ եթեր չի հեռարձակվել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
22-ամյա Գեւորգ Սարգսյանը մահացել է հուլիսի 12-ին Թբիլիսիում: Նա մոտ 2 տասնյակ դանակահարվածներ էր ստացել զանգվածային ծեծկռտուքի ժամանակ, որը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Հավլաբար շրջանի Ժոնետի փողոցում: Սարգսյանին տեղափոխել էին հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Շուտով տեղի ունեցածից հետո դիտավորյալ սպանության մեղադրանք էր առաջադրվել մեկ մարդու՝ Ե. Մ.-ին, իսկ եւս չորսին՝ հանցագործության մասին չհայտնելու:
Այս գործի քննությանն էր նվիրած «Կուրյեր» լրատվական ծրագրի սյուժեն, որը պետք է այսօր երեկոյան եթեր հեռարձակվեր «Ռուսթավի 2»-ով: Հաղորդման ծանուցման մեջ ասվում էր, որ «գլխավոր կասկածյալները փախել են», իսկ «դատախազությունը եւ ոստիկանությունը ազգականներին համոզում էին, որ նրանց որդուն երեք տարբեր դանակներով հարվածներ է հասցրել մեկ մարդ»: Այստեղ իսկ կարծիք է հայտնվում, որ գործը սարքած է:
Գլխավոր դատախազությունում կարծում են, որ «Ռուսթավի-2»-ի տարածած տեղեկությունը «ծառայում է հանրությանը մոլորության մատնելուն եւ վնաս է հասցնում գերատեսչության հեղինակությանը»: Հայտարարության մեջ նշված է, որ միայն մեկ մեղադրյալի գոյության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի:
Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Սարգսյանի սպանության գործով քննությամբ նոր ապացույցներ են ձեռք բերվել: Մասնավորապես՝ դատախազությունը ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ վկաներից լրացուցիչ տեղեկություններ: Այս տվյալների հիման վրա միակ կասկածյալ Ե. Մ.-ի մեղադրանքը «դիտավորյալ սպանություն» հոդվածից վերաորակվել է «դիտավորյալ սպանություն, որը կատարվել է մարդկանց խմբի կողմից առանձնակի դաժանությամբ» հոդվածի: 2018 թվականի դեկտեմբերի 22-ին համանման մեղադրանք է առաջադրվել եւս 2 մարդկանց՝ Ռ. Կ-ին եւ Ս. Մ.-ին:
«Քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 12-ին Ս. Մ.-ն եւ Ե. Մ.-ն, որոնք Գեւորգ Սարգսյանի հետ լարված հարաբերություններ են ունեցել, ընկերոջ՝ Ռ. Կ.-ի հետ ծրագրել են Սարգսյանի դիտավորյալ սպանությունը: Ս. Մ.-ն, Ռ. Կ.-ն եւ Ե. Մ.-ն, նախնական համաձայնությամբ, առանձնակի դաժանությամբ Սարգսյանին սպանելու նպատակով նրան հասցրել են դանակի 19 հարված մարմնի տարբեր հատվածներին եւ փախուստի են դիմել»,- նշված է դատախազության հայտարարության մեջ:
Գլխավոր դատախազությունից, միաժամանակ, չեն հստակեցրել՝ մեղադրյալներից որեւէ մեկը ձերբակալվա՞ծ է:
2018 թվականի օգոստոսին այդ պահին միակ մեղադրյալ Ե. Մ.-ի նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարվել: Վարկած կար, որ նա տեղափոխվել է Աբխազիայի տարածք, որը չի վերահսկվում կենտրոնական իշխանությունների կողմից:
Ավելին՝ հայտնի է դարձել, որ մեղադրյալին որոշ ժամանակ իր տանն է թաքցրել Ցալենջիխսկի շրջանային վարչակազմի աշխատակիցը: Պաշտոնյային եւ եւս 3 մարդու օգոստոսին ձերբակալել էին հանցագործության պարտակման եւ չհայտնելու մեղադրանքով:





























