Երեւանի Կամերային երաժշտության տանը մարտի 14-ին տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո (սկիզբը` ժամը 19:00):
Միջոցառումն իր օրհնության խոսքով կբացի Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Հրանտ Դինքի կյանքն ու հայացքները կներկայացնեն «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Միջոցառման հյուրերն են թուրք մտավորական լրագրողներ Չենգիզ Ակթարը եւ Ալի Բայրամօղլուն:
Հուշ-երեկոյի ժամանակ կցուցադրվեն սփյուռքահայ լուսանկարիչ Մաքս Սվասլյանի` Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ կատարած բացառիկ լուսանկարները: Միջոցառմանը կմասնակցեն «Երկիր» միության «Վան» նախագծի երաժիշտները, որոնք կկատարեն Համշենի եւ Մալաթիայի մեղեդիներ:
Միջոցառումն անցկացվում է 2011թ. մարտի 15-ին տեղի ունեցող «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Մուտքն ազատ է:





























