Բեռլինի Շյոնեֆելդ օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել բունդեսվերի ինքնաթիռը, որը տեղափոխում է նախարարներին, դաշնային նախագահին եւ բունդեսթագի անդամներին։ Օդ բարձրանալուց կարճ ժամանակ հետո՝ ապրիլի 16-ին, անձնակազմը անսարքություններ է հայտնաբերել համակարգերից մեկի աշխատանքում եւ որոշել է վերադառնալ Շյոնեֆելդ, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։
«Վերահսկվող վայրէջքն անհնար էր»,- տեղեկացրել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը dpa գործակալությանը։ Bombardier Global 5000 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ երկու թեւով դիպել էր թռիչքուղուն։ Այժմ ինքնաթիռը տեխնիկական ստուգման է ենթարկվում։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը բարձր է գնահատել անձնակազմի գործողությունները, որը «ինքնաթիռն իջեցրել է ծանրագույն պայմաններում եւ կանխել վատթարագույնը»։
Խախտվել է Շյոնեֆելդ օդանավակայանի աշխատանքը
Գերմանիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել։ Բեռլինից Քյոլն մեկնող ինքնաթիռը Շյոնեֆելդում տեխնիկական սպասարկում էր անցնում։ Անձնակազմի անդամները հետազոտվում էին բունդեսվերի հիվանդանոցում։
Միջադեպի հետեւանքով զգալիորեն խախտվել է օդանավակայանի չվացուցակը։ 2,5 ժամով դադարեցվել են չվերթները, ժամանող ինքնաթիռները վերաուղղորդվել են Բեռլինի մյուս՝ Թեգել օդանավակայան։ Կեսօրին Շյոնեֆելդ օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է։
Բունդեսվերի թռիչքային ծառայությունն ունի 13 հոգանոց չորս Global 5000 ինքնաթիռ։ Դրանք օգտագործվում են կարճ եւ միջին երթուղիների համար՝ երկրի ղեկավարությանը տեղափոխելու նպատակով։ Անձնակազմը սովորաբար կազմված է երեք մարդուց, տեղեկացնում է AFP-ն։
Հաճախակի անսարքություններ
Ընդհանուր առմամբ, բունդեսվերի թռիչքային ծառայության ինքնաթիռների պարկում 14 օդանավ կա, որոնց մի մասը բավական հին է։ Գերմանական կառավարական ինքնաթիռներում վերջին ժամանակներս հաճախակիացել են խափանումները անսարքությունների պատճառով։ Ապրիլի 11-ին Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ստիպված էր մեկնել ԱՄՆ մեկ այլ ինքնաթիռով, քանի որ ավելի վաղ А340 «Կոնրադ Ադենաուեր» կառավարական օդանավը Քյոլնում վայրէջքի ժամանակ վնասել էր շասսին։
Ապրիլի 1-ին Նյու Յորքում վայրէջքի ժամանակ վնասվել էր այդ նույն օդանավի անիվը, որտեղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մասի պատվիրակությունն էր։ 2019-ի փետրվարին Airbus A319 կառավարական օդանավի հիդրավլիկայի համակարգում անսարքության պատճառով նախարար Մասը ստիպված էր երկարացնել իր ուղեւորությունը Մալիում այնքան ժամանակ, մինչեւ որ նրա ու պատվիրակության հետեւից ուղրկվեց A340 «Թեոդոր Հոյս» ինքնաթիռը։
Հունվարի վերջին Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չկարողացավ ժամանակին թռչել Եթովպիայից կառավարական ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով։ Միջազգային արձագանք առաջացրեց նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի «էլեկտրոնային համակարգի» խափանումը 2018-ի նոյեմբերին։ Այդ անսարքության պատճառով մերկելը բաց թողեց Բուենոս Այրեսում «մեծ քսանյակի» երկրների գագաթաժողովի բացումը։



























