ՀՀ քննչական կոմիտեն երեկ՝ ապրիլի 15–ին վարույթ է ընդունել ապրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վնասելու միջոցով ավտոմեքենաներ թալանելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա նշեց, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի (խոշոր չափերով գողություն կատարելը) եւ 185-րդ հոդվածի 1-ին մասի(ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով։
Մինչ այս պահը քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան։
Նշենք, որ դեպքից օրեր անց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստարարել էր, որ գործով կան կասկածյալներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդուն։ Նշված մեքենայից հափշտակել էին խոշոր չափի գումար:
Թալանված երկրորդ ավտոմեքենան եղել է NEWS.am-ի թղթակիցներից մեկինը։ Այդ մեքենայից գողացել են դրամապանակ եւ համակարգիչ:
Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները:




























