Air France ընկերությունը անվճար կտեղափոխի այն բոլոր մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
«Ամբողջ աշխարհում Air France-ի եւ Air France-KLM-ի անձնակազմերը խորապես ցնցված եւ վշտացած են հրդեհի պատճառով: Հենց այս պատճառով Air France-KLM-ի գլխավոր տնօրեն Բենջամին Սմիթը՝ Air France-KLM-ի նախագահ Անն-Մարի Կուդերի եւ Air France-ի գլխավոր տնօրեն Անն Ռիգայի հետ որոշում է ընդունել, որ Air France-ը կապահովի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման բոլոր պաշտոնական մասնակիցների անվճար փոխադրումը Փարիզ»,- նշված է Air France-ի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դրանից բացի, նշվում է, որ առաջիկայում ընկերության հաճախորդների շրջանում կստեղծվի «միջոցների կամավոր հանգանակության համակարգ» վերականգնման ֆինանսավորմանն օգնելու համար:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ: Դատախազությունը քննություն է սկսել՝ հրդեհի ժամանակ ոչ դիտավորյալ վնաս հասցնելու հետ կապված: Երկրի դատախազը հայտարարել է, որ տաճարում հրդեհը կանխամտածված չէր, առանջնահերթ վարկածն է բռնկման պատահական բնույթը: Տաճարի վերականգնման եւ դրամական միջոցների հավաքագրման գործում իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպությունները եւ խոշոր ընկերությունները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի ողբերգական հետեւանքների կապակցությամբ եւ առաջարկել Ֆրանսիա ուղարկել ռուսաստանցի լավագույն մանագետների տաճարի վերականգնման գործին օգնելու համար:



























