Երեւանում, ապրիլի 15-ին, կրակոցներով զուգորդված միջադեպի հետեւանքով մահացածը Արարատ-2-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանն է: Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Լոռիի» կազմում:
Այս միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել. կրակոցները հնչել են Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը եւ Երեւան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղեւոնդյանը։ Վերջինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետեւի ապակին վնասված է եղել եւ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են երեք երիտասարդները՝ իրենց ուղղությամբ կրակ արձակելու պահին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ:
Ղևոնդյանի վնասվածքը գլխի շրջանում է եղել և կյանքի հետ անհամատեղելի։
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված մյուս երկու երիտասարդները 26 տարեկան են և ապրում են հենց Քանաքեռ-Զեյթունում։ Նրանց վիրահատել են։
Հոսպիտալացված 3 քաղաքացիներից 1-ը մահացել է․ Երևանում կրակոցներ են հնչել





























