Լիբիայի տարածք այլ երկրների զորքերի մուտք գործելու դեպքում ` Վրաստանը կկանգնի վտանգի առջեւ: Նման տեսակետ է հայտնել անվտանգության քաղաքականության հարցերով զբաղվող վերլուծաբան Իրակլի Սեսիաշվիլին, վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում:
«Լիբիա զորքեր մտցնելը արդարացված է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա, չնայած Ռուսաստանը թույլ չի տա, որ նման որոշում ընդունվի եւ կօգտագործի իր վետոն»,-հայտնել է նա, ընդգծելով, որ դա բնական է, քանի որ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները ձեռնտու են Ռուսաստանին:
Փորձագետի խոսքով, եթե ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն որոշեն առանց ՄԱԿ-ի համաձայնության ուժեր մտցնել Լիբիա, ապա «որոշ տկար մտածելակերպ ունեցող երկրներ» կարող են հետագայում այդ փաստն օգնագործել իրենց շահերի համար:
«Մասնավորապես, եթե հետխորհրդային երկրներում հեղափոխություն լինի, Ռուսաստանը նույնպես կարող է ուժ գործադրել եւ խառնվել այդ երկրների ներքին կյանքին»,-նշել է Սեսիաշվիլին, ընդգծելով, որ օտար զորքերի մուտքը Լիբիա` Վրաստանի համար շատ ռիսկային է:





























