Հայաստանի ոստիկանապետը հերքել է լուրերը, թե ընդդիմության ակտիվիստներին կանչում են ոստիկանության բաժիններ եւ հորդորում ու հրահանգում չմասնակցել ընդդիմության հանրահավաքներին:

«Ես չգիտեմ ում են կանչել, խնդրում եմ թող դիմի գրավոր ինձ, որ իրենց կանչել են եւ արգելել հանրահավաք գալու: Եթե մարդիկ չեն գալիս ու պիտի արդարանան, թե ոստիկանությունից իրեն զգուշացրել են, որ հանրահավաքի չգնաք, զգուշացնում եմ էդպիսի բան չկա: Դե կներեք, եթե շատ մարդ ա լինում, դա էլ կապեք ոստիկանության հետ»,- այսօր՝ մարտի 10-ին կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերվում է հանրահավաքների օրերին Երեւանի մտնող ճանապարհները փակելու խնդրին, Ալիկ Սարգսյանը դա նույնպես հերքել է. «Ես հերքում եմ դա: Մարզերի ճանապարհները փակ չի եղել, եթե տեսանյութ ունեք, տրամադրեք ինձ»: Լրագրողի դիտարկմանը,  թե այդ օրն ինքը մեծ դժվարությամբ է Էջմիածնից Երեւան հասել, Սարգսյանը դարձյալ ասածը հաստատող տեսանյութ է պահանջել: «Ես էդպիսի հանձնարարություն, որեւէ մեկին չեմ տվել»: