Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցված Սուրեն Սպանդարյանի արձանն ապամոնտաժելու եւ դրա տեղում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու առաջարկն իշխանություններին արել է դեռ ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր երթի ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով, իրենց առաջարկը տրամաբանական է այնքանով, որքանով վերոնշյալ հրապարակը, մետրոյի կայարանը եւ հրապարակամերձ փողոցը կրում են Նժդեհի անունը, սակայն նույն այդ հրապարակում տեղադրված է բոլորովին այլ մարդու արձան։

«Հատկապես որ այս տարի լրանում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը եւ միջոցառումներ իրականացնելու համար կառավարական համապատասխան հանձնաժողով է ստեղծվել։ Հենց այդ հանձնաժողովին էլ դիմել ենք՝ խնդրելով իր աշխատանքների մեջ ներառել նաեւ հիշյալ հարցի լուծումը»,- բացատրեց Ավագյանը։

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ երիտասարդական կազմակերպությունն առաջարկ է արել նաեւ Սպանդարյանի եւ մնացած բոլոր ապամոնտաժված արձաններն այլ վայրում տեղադրելու մասով։ «Մենք առաջարկում ենք ստեղծել մի պուրակ, ուր կկանգնեցվեն մայրաքաղաքի բոլոր ապամոնտաժված արձանները, այդ թվում՝ Սուրեն Սպանդարյանինը»,- ամփոփեց պատգամավորը։    

Նշենք, որ Գ. Նժդեհի անվան հրապարակը բացվել է1959-ի ապրիլի 30-ին` մայիսմեկյան տոնի նախօրյակին: Իսկ ճարտարապետ Լեւոն Գեւորգյանի եւ քանդակագործ Թոմ Գեւորգյանի հեղինակած արձանը կանգնեցվել է 1983 թվականին՝ համանուն հրապարակում (նախկինում Նժդեհի հրապարակը Սպանդարյանի անունն էր կրում)։