ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Ըստ այդմ` առաջարկվում է մինչդատական վարույթում կիրառել խափանման այլ միջոցներ`խուսափելով կալանքից:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչն այսօր՝ մարտի 10-ին լրագրողներին է ներկայացրել կազմակերպության կողմից իրականացված դատավարությունների մոնիթորինգի արդյունքները: Նա նշել է, որ իրենց առաջարկությունների մի մասը վերաբերում է տեխնիկական բնույթ ունեցող խնդիրների, որոնք, սակայն, էական նշանակություն ունեն իրավունքների պաշտպանվածության առումով:
«Հայաստանյան քրեական արդարադատության համակարգերում դեռեւս առկա է խոշտանգումների խնդիրը: Պետք է ձեւավորել անկախ քննչական մարմին, որը կուսումնասիրի իրավապահ մարմինների կողմից իրականացրած խոշտանգումների դեպքերը»,-հայտարարել է Լենարչիչը: Նրա խոսքով` Հայաստանում հստակ տարանջատված չեն իշխանության տարբեր ճյուղերը, ինչի հետեւանքով դատական իշխանությունը լիարժեք անկախ չէ:
«Դատական իշխանության անկախության հասնելն անհրաժեշտություն է, որովհետեւ դրան այլընտրանք չկա»,-նկատել է դեսպանը:



























