Հայաստանում մարտի 14-20-ին կանցկացվի «Ճանաչիր քո ուղեղը» երիտասարդական մրցույթը։ Մրցույթը նախաձեռնել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն՝ «Դանա» հիմնադրամի աջակցությամբ:

Մրցույթն անցկացվում է «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ի (Brain Awareness Week) շրջանակներում։ «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ը գլոբալ արշավ է, որը մատչելի ձեւով հասարակությանը ներկայացնում է ուղեղի (նեյրոդեգեներատիվ) հիվանդությունների մասին տեղեկատվություն, բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ նվաճումները:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արսեն Գասպարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 82 երկրների ավելի քան 2800  հասարակական, գիտական և կրթական կազմակերպություններ, ԲՈՒՀ-եր և այլն: Իսկ Հայաստանում այն կազմակերպվում է առաջին անգամ։  

«Ամբողջ աշխարհում այս շաբաթվա շրջանակերում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ թատերական ներկայացումներ, գիտահանրամատչելի սեմինարներ, իսկ Հայաստանում կլինի մրցույթ, որի նպատակն է գիտությունը ներկայացնել հասարակությանը»,-ասաց Ա. Գասպարյանը։ Նրա խոսքով՝ ցանկացողները կարող են այցելել իրենց կազմակերպության կայք եւ լրացնել հարցաթերթիկը՝ հնարավորինս հստակ եւ յուրովի պատասխանելով հարցաշարի բոլոր հարցերին։ Լրացված հարցաթերթիկը անհրաժեշտ է ուղարկել մարտի 14-20-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 20-23-ը:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները: