Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) դադարել է թողարկել 500 եվրո արժողությամբ թղթադրամներ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Շրջանառությունից թղթադրամները աստիճանաբար դուրս հանելու մասին հայտնի էր դարձել 2016 թվականին: ԵԿԲ-ը մտահոգվում էր, որ այդ թղթադրամի միջոցով պարզեցվում է «անօրինական գործունեություն» իրականացնելու հնարավորությունը: 2019 թվականի հունվարին ԵՄ-ում 19 երկրներից 17-ը դադարել է թողարկել դրանք: Ավստրիան եւ Գերմանիան եվրագոտու այն երկրներն էին, որոնք շարունակում էին տպել այդ թղթադրամները հատուկ թույլտվությամբ:

Այդուհանդերձ, այդպիսի թղթադրամները կարող են հետագայում եւս կիրառվել որպես օրինական վճարային միջոց: Սակայն բանկերում հայտնվելուց հետո դրանք կհանվեն շրջանառությունից:

2016 թվականի ամռանը ԵԿԲ-ը թարմացրել էր 50 եվրո արժողությամբ թղթադրամը: Նոր թղթադրամի պաշտպանության տարրերն ավելի կայուն են, ինչպես նաեւ ի հայտ է եկել հին հունական դիցաբանության հերոսուհու՝ Եվրոպայի դիմանկարը:

2018 թվականի սեպտեմբերին Եվրոպայում ցուցադրել են նոր 100 եւ 200 եվրո արժողությամբ թղթադրամները: Դրանցում ավելացվել են հոլոգրամն ու փյունիկյան արքայադուստր Եվրոպայի պատկերներով ջրային նշանը: Ավելին, դիզայնում ակտիվորեն օգտագործվել են ռելիեֆներն ու գրառումները, որոնք փոխում են իրենց գույնը տարբեր անկյուններից դիտելիս: