«Դվին» հյուրանոցում  երեկ՝ ապրիլի 26-ին, կայացել է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր եւ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի  (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:

 Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական եւ մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:

«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների,  ՀՀ ԱԺ մականունավոր  նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին  հարսն ու փեսան:

Համարանիշերի հիմնական մասը ռուսական եւ վրացական էին:

Առավոտից հյուրանոցի մոտ հերթապահող հատուկ ջոկատայինի աշխատակիցներն օգնում էին մեքենաներին ճիշտ կայանել՝ աչքաթող անելով նրանց կատարած ճանապարհային երթեւեկության  կանոնների խախտումները, որոնց պատճառով Պռոշյանում խցանում էր առաջացել։