Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում սինագոգի վրա հարձակման կասկածյալ 19-ամյա Ջոն Էռնեստը գրել է մանիֆեստ, որում հայտարարել, որ նրան ոգեշնչել էր Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակումը, հաղորդում է Mirror-ը:
Էռնեստը, որը շաբաթ առավոտյան սինագոգում հրաձգությունից հետո փախուստի էր դիմել, ավելի ուշ ձերբակալվել էր:
Ենթադրվում է, որ դեռահասը Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող է: Դեռահասն իր հակասեմական, հակամահմեդական նամակը հրապարակել էր Համացանցում: Ոստիկանությունում հայտնել են, որ անցյալում Էռնեստը դատվածություն չի ունեցել:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ Սան Դիեգոյի սինագոգում հրաձգության մասին, որի հետեւանքով զոհվել է մեկ կին եւ եւս երեք մարդ վիրավորվել: Կասկածյալին, որը փորձում էր փախուստի դիմել, բերման է ենթարկել պարեկային ծառայողը, որն այդ պահին ծառայության մեջ չէր:




























