Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խուսափեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործը գնահատելուց:

«Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը: Ինքն է որոշում, թե դա ինչպես անի»,- ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զեյնալյանը: Նախարարը, միաժամանակ, հրաժարվեց տալ գործի իրավական եւ քաղաքական գնահատականները՝ կոչ անելով սպասել դատավճռին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 20-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Նախաքննության ընթացքում ձեռք բերած բավարար ապացույցների հիման վրա ապրիլի 18-ին 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին: Ստացած բավարար ապացույցները վկայում են, որ լինելով Վերահսկողական ծառայության ղեկավարը, ունենալով աշխատակիցներին նշանակելու եւ հեռացնելու, հանձնարարություններ տալու, ստուգվող օբյեկտներից փաստաթղթեր ու տեղեկություններ պահանջելու լիազորություններ, ելնելով խմբային շահերից, ընկերության ձռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով, որը փաստացի ղեկավարել են նրա աշխատակիցները, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է ընդդեմ ծառայության շահերի, ինչպես նաեւ չի կատերել իր պաշտոնական պարտականությունները: Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քննության հսկողությունն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչը որոշում է կայացրել Դավիթ Սանասարյանի՝ որպես վերահսկողական ծառայության ղեկավար լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին: