«Կոնյակի տափաշիշը», որը «Տիտանիկի» առաջին կարգի ուղեւորինն է եղել, Անգլիայի աճուրդում վաճառվել է 76 հազար եվրոյով (ավելի քան 98 հազար դոլար)։ Սակարկություններն անցկացրել է Henry Aldridge and Son աճուրդը Ուիլթշիր կոմսության Դեւիցես քաղաքում։

Հելեն Չերչիլ Քենդին, որը նույնպես գտնվել է զբոսանավի վրա, իր ընտանիքի «Նվիրված, բայց դժբախտ» մակագրությամբ տափաշիշը հանձնել էր ընկերոջը՝ Էդվարդ Քենթին՝ «Դու ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունես, քան ես» բառերով։ Բայց հենց Չերչիլ Քենդին ողջ մնաց ողբերգությունից հետո, իսկ Քենթը զոհվեց։ Տափաշիշը հայտնաբերվել էր Քենթի մարմինը գտնելուց հետո, ասվում է աճուրդավարների հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի ուշ այն վերադարձվել է Չերչիլ Քենդիի ընտանիքին։

Մինչ այդ այդ աճուրդում վաճառվել էր «Տիտանիկի» գովազդային պաստառը՝ 62 հազար եվրոյով (80 հազար դոլար)։

Աճուրդավարներից Էնդրյու Օլդրիջի խոսքով՝ այդ պաստառը ողբերգությունից հետո մնացած հազվադեպ իրերից է, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում, եւ դրա գինն արտացոլում է չմարող հետաքրքրությունը «Տիտանիկի» ողբերգության հանդեպ։ Պաստառը վաճառվել է մի հավաքորդի, որի անունը չի նշվում։

«Տիտանիկի» հետ կապված իրերը մեծ պահանջարկ ունեն։ Զոհված ուղեւորներից մեկի նամակն, օրինակ, այդ նույն աճուրդում վաճառվել է 126 հազար եվրոյով (166 հազար դոլար)։ Նավակների երկու ցուցանակները վաճառվել են 86 հազար եվրոյով (112 հազար դոլար)։ Գրպանի ոսկյա ժամացույցը, որը «Տիտանիկում» երեք այրիների նվերն էր իրենց փրկարար սըր Արթուր Ռոսթրոնին՝ «Կարպատիա» փոստանավի կապիտանին, վաճառվել է 68 հազար եվրոյով (88,8 հազար դոլար)։

«Կարպատիան» առաջինն էր հասել դեպքի վայր եւ վերցրել ողջ մնացածներին՝ ավելի քան 70 մարդ։ Փոստանավը խորտակվել է 1918 թվականի հուլիսի 17-ին Իռլանդիայի մոտ, այն խոցվել է երեք տորպեդոյով գերմանական U-56 սուզանավի կողմից։

«Տիտանիկը», ուղեւորատար նավ լինելուց զատ, նաեւ փոստանավ էր, որի խնդիրն էր նամակները հասցնել ԱՄՆ։ Նավն իր առաջին ու վերջին ուղեւորությանը դուրս եկավ 1912 թվականի ապրիլի 12-ին։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը այն բախվեց սառցաբեկորի Հյուսիսային Ատլանտիկայում եւ խորտակվեց 2 ժամ 40 րոպե հետո։ Զոհվեց մոտ 1,5 հազար մարդ, 712 ուղեւոր ու անձնակազմի անդամներ փրկվել են։