Տոկիոյի ոստիկանությունը երեքշաբթի անվտանգության ապահովման հատուկ միջոցներ կմտցնի կայսեր պալատի շրջանում, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 1-ը տեղի կունենան արարողություններ՝ կապված կայսր Ակիհիտոյի հրաժարականի եւ նրա ավագ որդու՝ Նուրիհիտոյի գահակալության հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՏԱՍՍ թղթակցի տեղեկացմամբ՝ հարակից փողոցներում այժմ ժամանակավոր արգելափակոցներ են դրվել։ Այնտեղ գտնվող ոստիկանները կանգնեցնում եւ ստուգում են անցնող որոշ ավտոմեքենաներ։ Կայսերական պալատի առջեւ կանգնեցվել են պարեկներ շներով։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ դրանք, մասնավորապես, վարժեցված են պայթուցիկներ որոնելու համար։
Պալատի շուրջ ջրանցքները ստուգում են ջրասուզակները։ NHK տվյալներով՝ կայսեր նստավայրի հարակից գոտին կփակվի լայն հանրության համար ապրիլի 30-ի երեկոյան եւ մինչեւ մայիսի 1-ի վաղ առավոտ։ Այդ օրերին 15 րոպեով մի քանի անգամ կփակվեն փողոցները կայսերական ընտանիքի անդամների տեղաշարժի համար։
Այս գործողությանը, ինչպես տեղեկացվում է, կներգրավվեն մի քանի հազար ոստիկաններ։ Նրանք, մասնավորապես, ծանր բեռնատարներով կփակեն վտանգավոր ուղղությունները, որոնցով կարող են փորձել թափանցել ահաբեկիչները ավտոմեքենայով։ Տեղադրված են նաեւ հատուկ էլեկտրոնային սարքավորումներ՝ դրոնների կառավարման ազդանշանները ճնշելու համար։
Ոստիկանության լրացուցիչ վերակարգերը շարժվում են դեպի շրջաններ, որտեղ կենտրոնացված են զվարճանքի հաստատությունները։ Այնտեղ սպասվում են զանգվածային զբոսանքներ եւ երեկույթներ՝ կայսրերի փոփոխության հետ կապված։




























