Հարկային օրենսգրքի առաջարկվող բարեփոխումը նախատեսում է եկամտահարկի հավասարեցում բոլոր աշխատող քաղաքացիների համար՝ 23 տոկոս։ Ընդ որում՝ այդ ցուցանիշն ամեն տարի պետք է նվազի եւ վերջնարդյունքում հասնի 20 տոկոսի։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ապրիլի 30-ին ասել է  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հարկի նոր համակարգը պետք է լուծի մի շարք խնդիրներ։  «Եկամտահարկը պետք է այնպիսին լինի, որպեսզի գործատուի համար բեռ չդառնա, հատկապես արտադրության այն ոլորտների համար, որոնք արտահանական կողմնորոշում ունեն»,- պարզաբանել է Պողոսյանը։

Ընդ որում՝ փոխնախարարը հավաստիացրել է, որ Հարկային օրենսգրքի բարեփոխումը, եթե հանգեցնի էլ գնաճի, ապա ոչ այնքան էական, ինչպես կանխատեսում են ընդդիմախոսները։

Նշենք, որ հիմա 150 հազար դրամ աշխատավարձը եկամտահարկով հարկվում է 23 տոկոսով, 150 հազար դրամից սկսած մինչեւ 2 մլն դրամը՝ 28 տոկոսով, 2 մլն դրամից բարձրը՝ 36 տոկոսով։ Իշխանություններն առաջարկում են բոլորի համար սահմանել 23 տոկոս հարկ։ Հենց այդպես է Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում գոնե որոշ չափով մեղմել մասնավոր հատվածում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետեւանքները, որի դեմ կտրականապես հանդես էր գալիս մինչեւ իր իշխանության գալը։ Միաժամանակ, Հարկային օրենսգրքի բարեփոխումից հետո քաղաքացիները կսկսեն կենսաթոշակային ֆոնդերին փոխանցել ոչ թե իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, ինչպես անում են հիմա, այլ 5 տոկոսը։