Երեւանում տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում 2019» նախագծի մեկնարկը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկ տարի առաջ մեկնարկած եռամյա այս ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի եւ բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով:
Այս տարի ծրագիրը մեկնարկել է ավելի քան 200 մասնակիցների համար կազմակերպված բաց դասով, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Գեմաֆին Գասպարյանը եւ Արման Ուդումյանը, ծրագրի գործընկերներն ու մենթորները: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Երիտասարդների զարգացում 2018-ի» արդյունքները, ներկայացվել են մասնակիցների եւ մենթորների հաջողության պատմությունները, քննարկվել են Հայաստանի աշխատանքային շուկայում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները, հասանելի կրթական ծրագրերը, պահանջված մասնագիտացումներն ու հմտությունները:
«Երիտասարդների զարգացում» ծրագիրն իրականացնում ենք արդեն մեկ տարի շարունակ եւ շատ ուրախ էինք տեսնել, թե մասնակիցների, թե փորձառու մենթորների ակտիվությունը եւ հատկապես այն ոգեւորությունը, որով ծրագիրն ընդունվեց հասարակության կողմից: Խոշոր գործատու լինելով՝ բավական լավ պատկերացում ունենք անձնային եւ մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են աշխատանք գտնելու համար: «Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը նախաձեռնել է տարբեր երկրներում եւ ոլոտներում գործող ընկերությունների փորձը հաշվի առնելով: Վստահ ենք, որ ծրագրի ընթացքում ձեռք բերվող հմտությունները սատարում են երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու եւ իրենց մասնագիտական ներուժը դրսեւորելու հարցում եւ ուրախ ենք ամփոփել ծրագրի առաջին դրական արդյունքները», նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:
2018-ին «Երիտասարդների զարգացում» ծրագրին մասնակցել է Երեւանում եւ մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ՝ ձեռք բերելով ինքնազարգացման ու ինքնագնահատման հմտություններ, նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի, բիզնես պլանավորման, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտության հմտություններ: Այս տարի նախատեսվում է ներգրավել եւս 2500 մասնակից, իսկ մինչեւ 2020-ը՝ կյանքի եւ բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:
Ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաեւ կազմակերպչական բոլոր աշխատանքներն այս տարի իրականացնում եւ համակարգում է ծրագրի գործընկեր «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը, որը տեղակայված է Հայաստանում, Լիբանանում ու Կիպրոսում եւ գործունեություն է ծավալում աշխարհի 25 երկրում:
«Lինելով միջազգային բիզնես խորհրդատվական եւ վերապատրաստման ընկերություն, մենք կարեւորում ենք երիտասարադների հմտությունների շարունակական զարգացումը եւ ուրախ ենք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համատեղ իրականացնել այս ծրագիրը, որի արդյունքում միայն ընթացիկ տարում աշխատաշուկային կտանք 2500 կոմպետենտ տաղանդներ: Այս ծրագիրը հատկանշական է մասնավորապես նրանով, որ սահմանամերձ շրջանների երիտասարդները եւս ներառված են ծրագրում: Մենք եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն հավատում ենք նման կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, որոնք նպաստում են այն միջավայրի բարելավմանը, որտեղ մենք ապրում եւ աշխատում ենք», նշեց «Մենեջմենթ Միքսի» հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյանը:
Այս տարվա ընթացքում կազմակերպվող «Կյանքի հմտություններ» եւ «Բիզնես հմտություններ» անվճար դասընթացների համար մասնակիցների եւ մենթորների գրանցումն արդեն սկսված է: Ցանկացողները կարող են հերթագրվել՝ առցանց լրացնելով https://goo.gl/QiR7Yd եւ https://goo.gl/JwFChZ էլեկտրոնային հայտերը:
«Երիտասարդների զարգացում» ծրագրի՝ «Կյանքի հմտություններ» մոդուլի շրջանակում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման եւ ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ եւ CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: «Բիզնես հմտություններ» մոդուլի մասնակիցները սովորում են ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն:



























