2020 թվականի հունիսից պորտուգալական խանութները պետք է գտնեն մրգերի, բանջարեղենի եւ հացի պալիէթիլենե փաթեթներին այլընտրանք: Համապատասխան օրինագիծը երկրի խորհրդարան է ներկայացրել կանաչների կուսակցությունը, պատգամավորներն այն արդեն 1-ին ընթերցմամբ ընդունել են, փոխանցում է «Եվրապուլսը»:
Բոլոր խանութները պետք է գտնեն թեթեւ պլաստիկե փաթեթավորմանն էկոլոգիական այլընտրանք, որը գործնականում վերամշակման չի ենթարկվում: Դեռեւս միայն Նիդեռլանդներում է վերջերս ստեղծվել Եվրոպայում առաջին գործարանը, որը կարող է վերամշակել մթերքների պլաստիկե փաթեթները:
Ամբողջ Եվրամիությունում ակտիվ պայքար է ընթանում ընդդեմ մեկանգամյա օգտագործման պլաստիկի: ԵՄ-ում 2021 թվականին կարգելեն որոշ մեկանգամյա օգտագործման պլաստիկե արտադրանքը, որը կարելի է փոխարինել բազմակի օգտագործման արտադրանքով: Արգելքը տարածվում է ամբողջ մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի, ըմպելիքների ձողիկների, ուտելիքի կոնտեյներների եւ այլ պլաստիկե արտադրանքի վրա՝ ընդհանուր մոտ 10 անուն: Դրանից բացի, ԵՄ-ում 2030 թվականին կվերամշակեն ամբողջ պլաստիկի 50 տոկոսից ավելին:



























