Թաիլանդի թագավոր Մախա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկումը մայիսի 4-ին պաշտոնապես կթագադրվի որպես Չակրի դինաստիայի 10-րդ թագավոր։
66-ամյա սահմանադրական միապետը թագադրումից առաջ անակնկալ է մատուցել իր հպատակներին՝ նա չորրորդ անգամ ամուսնացել եւ իր նոր կնոջը թագուհի է անվանել։
Իր կառավարման 18 ամիսների ընթացքում Վաջիրալոնգկորնը, որը հայտնի է նաեւ որպես Ռամա X, միապետությունն ամրապնդելու քայլեր է ձեռնարկել՝ ներառյալ թագի հսկայական հարստության առավել անմիջական վերահսկողությունը՝ Թաիլանդի ռազմական կառավարության օգնությամբ։
Իր առավել նշանակալի նախաձեռնություններից մեկի շրջանակներում նա մոտ 5 մլն թաիլանդցիների ընդգրկել է կամավորների նոր կորպուսում, որի անդամները աշխատանքի գնալուց առաջ ողջունում են թագավորի դիմանկարը։
Միապետին հավատարմությունը թաիլանդական մշակույթի արմատացած մասերից է, որը խորացել է Մախիի հոր 70-ամյա կառավարման ժամանակ։ Շատ փողոցներում, հասարակական վայրերում եւ մասնավոր ձեռնարկություններում Վաջիրալոնգկորնի դիմանկարը կախված է նրա հանգուցյալ հոր դիմանկարի կողքին։
Մախա Վաջիրալոնգկորնը իր նախնիներին հարգանքի տուրք կմատուցի մայիսի 2-ին՝ թագադրման բարդ արարողության նախապատրաստման շրջանակներում։
Թագադրումը, որը կանցկացվի երկու օր՝ շաբաթից երկուշաբթի, վերջին 69 տարիների ընթացքում առաջինն է։
Ավանդության համաձայն, Չակրի դինաստիայի թագավորները ստանում են Ռամա պաշտոնական անունը՝ ի պատիվ հին հնդկական Ռամայանա էպոսում հնդուիստական Վիշնու աստծո։
Ինչ է հայտնի Թաիլանդի նոր թագավորի մասին
Մախա Վաջիրալոնգկորնըծնվել է 1952թ․ հուլիսի 28-ին, Բանկոկի Մեծ պալատ առանձնատանը։ Նա Պումիպոն Ադուլյադետ թագավոր եւ Սիրիկիտ թագուհու միակ որդին է։

1972թ․ նրա հայրը՝ Ռամա IX-ը, Մախա Վաջիրալոնգկորնին նշանակել է իր ժառանգորդ։ Արքայազնը այն ժամանակ 20 տարեկան էր։
Նույն թվականի դեկտեմբերի 28-ին նա հայտարարվել է գահի ժառանգորդ։
1975-ից Մախա Վաջիրալոնգկորնը ծառայել է Թաիլանդի թագավորական բանակում, որպես Ռազմական հետախուզության վարչության շտապի սպա։
1978թ․ նա գլխավորել է Նորին Գերազանցության թիկնապահների ջոկատը։
Մախա Վաջիրալոնգկորնըսովորել է Ավստրալիայի թագավորական ռազմական քոլեջում, վարժանքներ է անցել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերում։ Նա ուղղաթիռի եւ ինքնաթիռի որակավորված օդաչու է։

Ռազմական կարիերան ընդունված է արքայազների շրջանում, սակայն ի տարբերություն մեր ժամանակների իշխանների՝ Մախա Վաջիրալոնգկորնը անձնապես մասնակցել է երկրի ներսում 70-ականներին տեղի ունեցած ռազմական գործողություններին։
Տարօրինակ արարքները
2016թ․ հուլիսին Վաջիրալոնգկորնը, լինելով Թաիլանդի թագաժառանգ արքայազն, ժամանել է Գերմանիայում իր վիլլաներից մեկը եւ տառացիորեն ցնցել հանրությանը։ Նարա հագին եղել է կախված ջինսե տաբատ, կարճ շապիկ, որն ավելի շատ տոպ է հիշեցրել՝ բացելով ձեռքերի եւ մեջքի դաջվածքները։ Նրա ձեռքին եղել է Ֆի-ֆի անունով պուդել։

Մախա թագավորը հայտնի է որպես շների, մանավանդ պուդելների մեծ սիրահար։ Ֆու-ֆու անունով նրա շունը, որը Ֆի-ֆիի նախնին էր, մի անգամ կատակով նշանակվել է Թաիլանդի ավիացիայի մարշալ։ Նրա համար նույնիսկ տոնական համազգեստ են կարել։ Ռազմական եւ թագավորական արարողությունների ժամանակ Ֆու-ֆուն բարձրաստիճան անձանց հետ մասնակցում էր հանդիսավոր ընթրիքներին։ Հատկապես հիշարժան է 2007թ․ ամերիկյան դեսպան Ռալֆ Բոյսի պատվին կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Ֆու-ֆուին սեղանի շուրջ առանձին տեղ է հատկացվել։ սակայն ինչ-որ պահի շունը ձանձրացել եւ թռել է սեղանին ու սկսել լիզել հյուրերի բաժակները։ Նրան կանգնեցնել ոչ ոք չի համարձակվել։
Իսկ երբ շունը մահացել է, նրա պատվին չորս սգո արարողություն է անցկացվել, որից հետո նրան դիակիզել են։

Անձնական կյանքը
Ըստ էության, Վաչիրալոնգկոռնը Թաիլանդում եւ նրա սահմաններից դուրս միշտ հայտնի է եղել որպես մարդ, որը պարապ կյանք է վարում։ Նրա սկանդալային անձնական կյանքը բավական հետաքրքիր է։
Ներկայիս գահաժառանգը երեք անգամ ամուսնացած է եղել։ Թագավորը յոթ երեխա ունի։ Ըստ որոշ լուրերի՝ ութ։
70-ականների վերջին, դեռ առաջին ամուսնության ժամանակ զարմուհի արքայադուստր Սոամսավալի Կիտիյակարեի հետ, նա կենակցել է դերասանուհի Յուվադհիդա Պոլպրասետի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Բայց շուտով ամուսնությունը լուծարվել է, մասնավորապես՝ այն պատճառով, որ արքայազնը կնոջը կասկածել է դավաճանության մեջ ավիացիայի 60-ամյա մարշալի հետ։
Արդյունքում՝ Յուվադհիդան երեխաների հետ փախել է Մեծ Բրիտանիա, հետո՝ ԱՄՆ։ Ավելի ուշ արքայազնը վերադարձրել է աղջկան՝ Սիրիվանավարիին Թաիլանդ, որտեղ նրան արքայադուստր են օծել։ Ժամանակի ընթացքում նա դարձել է հայտնի մոդելյոր, ֆոտոմոդել եւ աշխարհիկ էգ առյուծ։
Երրորդ կնոջ՝ նախկին պետծառայող Սրիրասմի Ակհարապհոնգպրիչի հետ ամուսնալուծությունից հետո՝ 2014-ին, կնոջ յոթ մերձավոր ազգականները ձերբակալվում են իշխանության բարձր ատյաններում կոռուպցիայի կասկածանքով։ Արքայադուստրն ինքը ինքնակամ հրաժարվում է տիտղոսից։ Ըստ լուրերի՝ նրան կալանել են նստավայրերից մեկում՝առանց այդտեղից դուրս գալու իրավունքի։
Թագավորի նոր կինը ինքնաթիռի նախկին ուղեկցորդուհի է։ Ամուսնության մասին հայտարարվել է մայիսի 1-ին՝ թագադրումից մի քանի օր առաջ։ 2014-ին թագավոր Վաչիրալոնգկոռնը Thai Airways-ի ուղեկցորդուհի Սութիդա Թիջաիին նշանակել է իր թիկնապահների ստորաբաժանման փոխհրամանատար։ Թագավորի եւ 40-ամյա Սութիդայի սիրավեպի մասին վաղուց լուրեր էին պտտվում, բայց նրանց հարաբերությունները ցայժմ հրապարակված չէին։

Թագավորը Սութիդային դարձրեց լիիրավ գեներալ 2016-ի դեկտեմբերին, իսկ անձնական պահապանների փոխհրամանատար՝ 2017-ին։ Նա նրան շնորհեց Թանուայ թագավորական տիտղոս, որը նշանակում է Տիկին։
Թագավորական հարսանիքի կադրերում, որոնք ցուցադրվել են երեկ թաիլանդական հեռուստատեսությամբ, երեւում է, թե ինչպես է ընտանիքի եւ պալատական խորհրդականների շրջապատում թագավորը սրբազան ջուր լցնում թագուհի Սութիդայի գլխին։ Արարողությունից հետո զույգը դրել է իր ստորագրությունները ամուսնության վկայականում։
Reuters-ի, Metro-ի, Hello-ի նյութերով



























