Ապրիլի կեսին Էվերեսթ լեռան վրայից հավաքվել է ավելի քան 3 տոննա աղբ: The Himalayan Times-ի տեղեկություններով՝ լեռը մաքրելու արշավի ժամանակ, որը Նեպալում սկսվել է ապրիլի 14-ին, հայտնաբերվել է նաեւ 4 դիակ:

Պաշտոնյաներն ակնկալում են, որ 45-օրյա արշավի ավարտին կհաջողվի հավաքել ընդհանուր 11 տոննա աղբ, հայտնում է USA Today-ը:

ABC-ի տեղեկություններով՝ լեռան վրա դեռեւս կա մոտ 30 տոննա աղբ:

The Himalayan Times-ը հայտնում է, որ Նեպալի տուրիզմի դեպարտամենտը, տեղական իշխանության մարմինները եւ լեռնագնացների խմբերը միասին են աշխատում այս արշավի շուրջ, որն իր տեսակի մեջ առաջինն է:

Էվերեսթի գագաթը նվաճել է 5200 մարդ, այս տարի ծրագրում են լեռ բարձրանալ եւս 775 մարդ: Ընդ որում՝ լեռնագնացները հաճախ լեռան վրա են թողնում իրեր եւ աղբ:

1921 թվականին Էվերեսթը նվաճելու առաջին փորձի ժամանակից սկսած լեռը խլել է գրեթե 300 լեռնագնացի կյանք, որոնց երկու երրորդը թաղված է սառույցի եւ ձյան տակ:

Գլոբալ տաքացման պատճառով զոհվածների մարմինները սկսել են լեռան վրա երեւալ: