Շիրակի մարզի գիտաշխատողներն այս տարվանից մնացել են աշխատավարձի հույսին, որն արդեն 2-րդ ամիսն է, ինչ ուշացնում են:
Մարզում շուրջ մեկ տասնամյակ գիտական կազմակերպությունների ֆինանսական հատկացումների 65 տոկոսը պետբյուջեից է, 35 տոկոսը՝ թեմատիկ ծրագրերով:
Թեմատիկ ծրագրեր ներկայացնելու դեպքում կազմակերպություններն ստանում են անհամեմատ մեծ չափի ֆինանսավորում, որը գիտաշխատողները պետական գրանտ կամ ավելի ճիշտ խրախուսանք են համարում՝ ցածր աշխատավարձի պայմաններում: Թեմատիկ ծրագրերի համար կառույցներին տրվող ֆինանսական միջոցները թույլ էին տալիս աշխատողին համեմատաբար բարձր աշխատավարձ տալ, բացի այդ կազմակերպության ներքին, օրինակ, ջեռուցման ծախսերը եւս հնարավոր էր լուծել այդ գումարների հաշվին: Այս տարվանից գիտաշխատողները կմնան իրենց ցածր աշխատավարձի հույսին:
Բավական է նշել, որ ավագ գիտաշխատողը ստանում է 70 հազար դրամ, կրտսեր եւ սովորական կարգի գիտաշխատողի աշխատավարձը տատանվում է 30- 50 հազար դրամի սահմաններում:
«Գիտական ոլորտում խստացումներ են կատարվել: Նախ պահանջվեց, որ հիմնարկներն աշխատանքային հաշվետվություն ներկայացնեն դեռ տարեսկզբին, եւ ոչ միայն գիտական գործունեության, այլ նաեւ ֆինանսական ծախսերի համար եւ հետո խնդիր դրվեց, որ հիմնարկները մինչեւ ֆինանսական պայմանագրեր չստորագրեն, ֆինանսավորում չեն ստանա»,- NEWS.am-ին ասել է Գյումրիի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Սեւադա Հովհաննիսյանը:
Իսկ գիտության բնագավառում հաստատված թեմատիկ հայտերի ֆինանսավորման նոր կարգի արդյունքում մինչեւ 2010 թվականը գոյություն ունեցող 710 գիտական թեմաներից այժմ ֆինանսավորում կստանան ընդամենը 95-ը: Գյումրիի գիտական կազմակերպությունների ներկայացրած թեմատիկ ծրագրերի մեծ մասի ֆինանսավորումը մերժվել է: Չնայած այդ կառույցների ղեկավարները գտնում են, որ դրանք բավականին լուրջ եւ իրատեսական ծրագրեր էին, ուստի գիտաշխատողները պատրաստվում են բողոքարկել մերժման որոշումը, քանի որ ինչպես նշել են կազմակերպություններն այսպիսով գումարներ են կորցնում, հետեւաբար մարզի համար շատ լուրջ աշխատանքներ անկատար կմնան:




























