Նեպալի բանակը հերքել է հնդիկ զինվորականների հայտարարությունը, որ զինվորները Հիմալայներում հայտնաբերել են ձնեմարդու հետքեր՝ նշելով, որ դա ավելի շուտ արջի հետքեր են եղել, փոխանցում է AFP-ն:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Նեպալի եւ Չինաստանի սահմանի մերձակայքում «ձնեմարդու հետքերի» լուսանկար է հրապարակել, ինչը համացանցում ծաղրի պատճառ է դարձել:
Նեպալի բանակի ներկայացուցիչ Բիգյան Դեւ Պանդեյը հայտարարել է, որ Նեպալի կապի սպաները գնացել են հետքերի հայտնաբերման վայր, սակայն նրանց ժամանելու պահին ձյան վրայից հետքերն անհետացել էին: Նրա խոսքով՝ տեղացիները կարծում են, որ հետքերն ավելի շուտ արջն է թողել, քանի որ նրանք նման տարօրինակ հետքեր հաճախ են տեսել:
Վայրի բնության հարցերով փորձագետները նույնպես հայտարարել են, որ հնդիկ զինվորականները արջերի հետքեր են տեսել, որոնք արեւի եւ քամու ազդեցությամբ մեծացել էին:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը իր թվիթերյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ հնդիկ զինվորականները հայտնաբերել են «ձնեմարդու խորհրդավոր հետքեր»՝ հրապարակելով լուսանկարը: Նշվում էր, որ «անորսալի ձնեմարդուն» անցյալում տեսել էին միայն Մակալու-Բարում ազգային արգելոցում՝ վկայակոչելով Էվերեսթի արեւմտյան կողմում հետքերը, որոնց մասին 1951 թվականին հայտնել էր բրիտանացի հետազոտող Էրիկ Շիփթոնը:



























