Կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առաջիկայում հանդես կգա պարզաբանմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ խոսելով Ծառուկյանին ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունից։

«Պարոն Ծառուկյանը տեղյակ է Ազգային ժողովի նախագահ պարոն Միրզոյանի գրությունից, եւ ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը հանդես կգա այդ հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներով»,–նշեց նա։

Իվետա Տոնոյանը պնդեց՝ օրենքի հետ անհամապատասխանության որեւէ դրվագ պարոն Ծառուկյանի գործունեության մեջ առկա չէ. «Պարոն Ծառուկյանը եւ իմ բազմաթիվ գործընկերներ բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության համապատասխան Գագիկ Ծառուկյանն իրականացնում է իր գործառույթները որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, օրենքով սահմանված կերպով իր ձեռնարկությունները հանձնված են հավատարմագրային կառավարման։ Օրենքի հետ անհամապատասխանության որեւէ դրվագ պարոն Ծառուկյանի գործունեության մեջ առկա չէ։

Հարցին՝ այդ պարագայում ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը իր ելույթներում հայտարարում, որ, օրինակ, կարգադրել է կառավարչին ցեմենտն էժանացնել. Տոնոյանն ասաց.  «Գագիկ Ծառուկյանը իր հրապարակային ելույթներում նշած գնահատականները, երբ հնչեցնում է առաջին դեմքից պետք է նշեմ, որ օրենքով սահմանված կարգով անգամ եթե սեփականատերը բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, որեւէ կերպ օրենքը նրան չի արգելում վերահսկողություն իրականացնել եւ այդ հայտարարությունները պայմանավորված են դրանով»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել այն հարցի շուրջ, թե արդյոք փաստացի շարունակում է զբաղվել դրա անմիջական կառավարմամբ։

Հավելենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում եւ դրանից դուրս լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու եւ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: