Ապրիլի 25-ին Հյուսիսային Լիբանան պրովինցիայի Տրիպոլի մայրաքաղաքում Թուրքիայի դրոշներով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գովքի վանկարկումներով հակահայկական փողոցային դրսեւորումներ են եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Հաշվի առնելով, որ այդ ամենը տեղի է ունեցել ապրիլի 24-ի առիթով, բնականաբար, ընկալվում է նաեւ որպես հակահայկական։ Որոշ արաբական եւ իսլամական–լիբանանյան շրջանակներ այդ ակցիայի ժամանակ որոշակի քարոզչական միջոցներով ուղղակի կամ անուղղակի անդրադառնում են Թուրքիայի ժխտողականությանը, պնդում Հայոց ցեղասպանության կեղծ լինելու մասին»,–նշեց նա։

Քանդահարյանը կարծում է, որ այդ ակցիան նաեւ հակալիբանանյան էր. «Սա բացի հակահայկական լինելուց նաեւ հակալիբանանյան ակցիա է, քանի որ Լիբանանը միակ արաբական պետությունն է, որը ամենախիստ բանաձեւով ոչ միայն ճանաչել է, այլ նաեւ միջազգային հանրությունից պահանջել է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, այսինքն` Լիբանանի իսլամական շրջանակները հակասում են Լիբանանի խորհրդարանի որոշմանը։ Ստացվում է, որ նրանք լիբանանցիներ են, բայց գերադասում են Թուրքիայի շահերը»։

Նա շեշտեց նաեւ, որ Թուրքիայի դեսպանի կողմից բողոքի նոտա է ուղարկվել Լիբանանի կառավարությանը. «Իսլամական շրջանակներում հնարավոր է որոշակի ելույթներ են եղել, քարոզչական նպատակով որոշակի գործողություններ են եղել արաբական աշխարհում, ամենաուշագրավը եղել է Թուրքիայի դեսպանի կողմից բողոքի նոտա ուղարկելը Լիբանանի կառավարությանը ասելով, որ ապրիլի 24-ի ակցիային Թուրքիայի դրոշն են այրել։ Իսլամիստները սակավաթիվ են եղել»։

Քանդահարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ նման ակցիաներ չկան, ակցիան միայն ապրիլի 25-ով է սահմանափակվել, բայց շուտով մայիսի 6-ն է. «Մայիսի 6-ը Լիբանանում նահատակվածների օրն է, որոնք Օսմանյան կայսրությունում ընկել են թուրքերի կողմից բռնության, կախաղանների, սովամահության հետեւանքով։ Այս օրվա խորհուրդը փոխվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի խորհուրդը վերածվել է լրագրողական աշխարհի գործիչներին նվիրված օր եւ լիբանանյան կուսակցությունների եւ որոշ շրջանակների կողմից աշխատանքն է տարվում բուն խորհրդի օրը վերականգնելու։ Դա նաեւ պիտի չեզոքացնի Անկարայի կողմից իսլամիստներ եւ քրիստոնյաների միջեւ հարաբերությունները սրելու թելադրանքը»։