Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում ոստիկանների կատարած սպանություններն ավելացել են 18 տոկոսով ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ «խփելով բոլոր ռեկորդները», գրում է The Guardian-ը։
Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հայտնվել են Associated Press գործակալության ձեռքում, ոստիկանները սպանել են 434 մարդ այդ շրջանում բախումների ժամանակ, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ցուցանիշը կազմել է 368 մարդ։
Սա ոստիկանների կողմից կատարված սպանությունների ամենաբարձր ցուցանիշն է 1998-ից ի վեր։ Տվյալները հրապարակվել են ապրիլի 17-ին։
Այժմ Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը Ուիլսոն Ուիտցելն է՝ նախկին ծովային հետեւակ եւ նախագահ Ժաիր Բոլսոնարուի քաղաքական դաշնակիցը, որը խոստացել է «զրո հանդուրժողականություն» ոստիկանների կողմից հանցավոր աշխարհի հանդեպ եւ թմրավաճառներին անվանում է «թմրահաբեկիչներ»։
Ավելի վաղ, այս տարի, նա հաստատել էր իր պլանները «կրակել սպանելու համար» մարտավարության ներդրման մասին։
Միեւնույն ժամանակ, ոստիկանությունում հրաժարվել են մեկնաբանել տխուր վիճակագրությունը։
Նշվում է, որ 2014 թվականից կտրուկ ավելացել է բրազիլական ոստիկանության զոհերի թիվը՝ անգամ չնայած 2016-ին Օլիմպիական խաղերի անցկացմանը եւ ոստիկանական գործողություններում ռազմական ուժերի ներդրմանը։
Նշվում է, որ երկրում կրճատվել է հանցագործությունների որոշ տեսակների թիվը, մասնավորապես՝ գողությունը, բայց քննադատները կարծում են, որ հիմնական կառուցվածքային խնդիրները մնում են չլուծված։



























