Գազայի հատվածից Իսրայելի վրա են արձակվել 90 հրթիռներ, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի Twitter-յան էջը:

Զինվորականները որսել են «դրանցից տասնյակները» եւ հարվածներին պատասխանել են տանկային համազարկերով, ինչպես նաեւ օդից հարվածներով, նշված է գրառման մեջ: Հրթիռակոծությունը տեւել է մեկ ժամից ավելի: Այն առաջինն է մեկամսյա անդորրից հետո:

Տուժածների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Աշրաֆ ալ Քիդրին, հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսային մասից Իսրայելի ՌՕՈՒ պատասխան հարվածի արդյունքում վիրավորվել է առնվազն 4 պաղեստինցի:

Մարտի 31-ին իսրայելական տանկերը Գազայի հատվածում հարձակվել էին ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման գրոհայինների դիրքերի վրա՝ ի պատասխան այս տարածքից հիթիռակոծության: Զինծառայողները գրանցել էին Գազայից հրթիռների 5 արձակում: Զոհվածների եւ տուժածների մասին չէր հաղորդվել:

Գազայի հատվածի սահմանին իրադրությունը սրվել էր 2018 թվականի գարնանը այն բանից հետո, երբ խաղաղ ցույցը վերածվել էր զանգվածային անկարգությունների եւ իսրայելական զորքի հետ ցուցարարների բախումների: