Queen ռոք խմբի երեք երաժիշտներն ավելի հարուստ են, քան Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով The Sunday Times պարբերականին:

Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի եւ Ջոն Դիքոնի ընդհանուր կարողությունը կազմել է 445 մլն ֆունտ ստերլինգ (586 մլն դոլար), մինչդեռ թագուհու կարողությունը գնահատվել է 370 մլն ֆունտ ստերլինգ (487 մլն դոլար):

Նշվում է, որ ընթացիկ տարում խմբի անդամներից յուրաքանչյուրը վաստակել է 25-ական մլն ֆունտ ստերլինգ 933 մլն դոլար): Դրանում կարեւոր դեր է ունեցել Բրայան Սինգերի եւ Դեքսթեր Ֆլեթչերի «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը, որը պատմում է Queen խմբի եւ դրա առաջնորդ Ֆրեդի Մերկուրիի պատմությունը: 2019 թվականին այդ ժապավենն արժանացել է չորս «Օսկարի»:

Հունվարին պարզ էր դարձել, որ ֆիլմը կբերի Մերկուրիի նախկին սիրեցյալ Մերի Օսթինին հասույթի շուրջ 19 տոկոսը: Ըստ երաժշտի կտակի՝ նրա մահից հետո Օսթինն իրավունք ուներ ստանալ Մերկուրիի անվան հետ կապված եկամուտների 50 տոկոսը: Երբ մահացել են Queen-ի առաջնորդի ծնողները, նրա նախկին սիրեցյալի չափաբաժինը հասել է 75 տոկոսի: