Կրետե հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում: Այս մասին տեղեկություն է հրապարակվել Գարեգին Բ կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։

Սուրբ Պատարագի ընթացքում կաթողիկոսը պատգամ է հղել ներկա բարեպաշտ ժողովրդին:

«Հորդորեցինք Կրետեի հայ համայնքին հարուցյալ Տիրոջով զորացյալ` ամուր հավատքով և անխոնջ նվիրումով շարունակել իրենց աստվածահաճո ընթացքը, նախանձախնդիր մնալ մեր սրբազան արժեքներին և ազգային ու եկեղեցական կյանքի հանդեպ նույն նվիրումով շենացնել համայնքային իրենց կյանքը: Նաև պատգամեցինք եկեղեցու հաստատման 350-ամյակի հոբելյանը նոր հանգրվան նկատել` նորոգելու առ Աստված հավատարմության իրենց ուխտը և եկեղեցաշեն ու ազգօգուտ իրագործումներով բարեզարդելու ազգային-եկեղեցական մեր անդաստանը»:

Սրբազան արարողության ավարտին հաջորդել է խաչքարի օրհնության կարգը, որ հոբելյանի առիթով եկեղեցուն է ընծայվել Գարեգին Բ կաթողիկոսի կողմից:

Նույն օրը  կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսի և տոնախմբությունների առիթով Կրետե ժամանած ուխտավորների խմբերի հետ: