Հետազոտողը հայտնաբերել է 130 տարի առաջ մահացած բրիտանացի Ջոզեֆ Մերիկի գերեզմանը, որը հայտնի էր որպես Փիղ-մարդ մարմնի ահավոր ձեւախեղման պատճառով գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Telegraph-ին։

Մերիկը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Լոնդոնի Թագավորական հոսպիտալում, որտեղ նրան առանձին սենյակ էր հատկացվել։ Երբ 1890-ին երիտասարդը մահացել է 27 տարեկանում, նրա կմախքը պահպանվել է բուժհաստատությունում՝ որպես անատոմիական նմուշ։

Մերիկի կենսագիր Ջո Վիգոր-Մանգովինն ասել է, որ իրեն հաջողվել է հայտնաբերել գերեզմանը, որտեղ առանձին թաղվել են Փիղ-մարդու փափուկ հյուսվածքները։ Թաղման տեղը գտնել օգնել են Ջեկ-մարդասպանի զոհերը, որոնք սպանվել են մոտավորապես այն նույն ժամանակ եւ նույն տեղում՝ Ուայթչեփելում, որտեղ մահացել է Մերիկը։

Քանի որ սպանությունների զոհերը թաղվել են Լոնդոնի արեւելյան մասում, Վիգոր-Մանգովինն ուսումնասիրել է գրանցամատյանները եւ հայտնաբերել մի գրառում, որը, ըստ նրա, «99 տոկոսով վերաբերում է Մերիկի մնացորդների թաղմանը»։

Նշվում է, որ տեղի իշխանությունները խոստացել են նրա գերեզմանին հուշատախտակ տեղադրել՝ Մերիկի անունով։

Ժամանակակից բժիշկների կարծիքով՝ Մերիկը տառապել է Պրոթեյի ախտանշանով՝ հազվադեպ գենետիկական հիվանդություն, որն առաջ է բերում գլխի, ոսկրերի եւ մաշկի գերաճ։

Մերիկը դարձել է գրքերի, պիեսների, ֆիլմերի եւ անգամ օպերաների գործող անձ։ 1980-ին տեղի է ունեցել Դեւիդ Լինչի «Փիղ-մարդը» ֆիլմի պրեմիերան, որը ներկայացվել է «Օսկարի» ութ անվանակարգերում։