Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելը չպետք է կապվի մեկ ընտանիքի շահերի հետ: Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց երիտասարդական նախագծերի ղեկավար Լեւոն Ջավադյանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրենք նամակ են ուղարկել, որպեսզի կազմակերպեն եւս մեկ հանդիպում եւ ներկայացնեն հակափաստարկներ: «Երեկ նույնպես նամակ է ուղարկվել, սակայն դեռեւս պատասխան չկա: Մենք չենք ձգտում վարչապետին շտապեցնել, միայն ցանկանում ենք, որ նա ամբողջական եւ օբյեկտիվ պատկերացում ունենա տեղի ունեցողի մասին»,- նշեց նա:

Լեւոն Ջավադյանը համոզված է, որ վարչապետին ներկայացված եզրակացությունը կազմել է թատրոնի նախկին իրավաբան Քրիսթինա Նաղդալյանը, իսկ հիմքում դրվել են այն փաստարկները, որոնք հավաքել է նրա ամուսինը, որը Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: «Սա կոպիտ խախտում է: Քանի որ հիմքում դրված են Արդարադատության նախարարության ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պարզաբանումները, որոնց կարծիքով՝ օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները ղեկավար են, ուստի չեն կարող ինտեգրվել մեկ մարդու գործառույթների մեջ: Սակայն, ըստ օրենքի, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործական է համարվում»,- նշեց նա:

Ջավադյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ եզրակացությունը կազմվել է ոչ թե օրենքի տառի հիման վրա, այլ այն յուրովի մեկնաբանելուն համապատասխան: «Չկան նաեւ իրավական հիմնավորումներ, որ Օբելյանը նշանակվել է խախտումներով: Քանի որ չկան հիմնավորումներ, հետեւաբար չի կարող նաեւ փաստարկված եզրակացություն տրվել: Այն, որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական պաշտոն է, հաստատում են նաեւ Մշակույթի նախարարության ակտերը»,- նշեց Օպերայի թատրոնի երիտասարդական ծրագրերի ղեկավարը:

Նա շեշտեց, որ Քրիսթինա Նաղդալյանը, որը 9 ամսում գերատեսչություն է ուղարկել 17 բողոք, ժամանակին Օրբելյանի կողմից աշխատանքից ազատվել էր: Լեւոն Ջավադյանը հավելեց, որ Նաղդալյանին ազատել են օրինականորեն: «92 մլն դրամի խախտումները, որոնց մասին շատ է խոսվում, վերաբերում են մինչեւ Օպերայի տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի նշանակման ժամանակաշրջանին: 2017 թվականին Ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր անցկացրել, որոնց արդյունքում հայտնաբերվել էին 92 մլն դրամի խախտումները: 2017-2018 թվականներին փոխհատուցվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամ: Եթե փոխհատուցել են, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունել են որպես այդպիսին»,- պարզաբանեց Լեւոն Ջավադյանը:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մարտի 29-ին հայտարարել էր, որ նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո ԶԼՄ-ներում հնչեցվել են տնօրենի հավանական թեկնածուների անուններ, այդ թվում եւ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանի անունը, որը հարսանիքներին թամադա է աշխատել։ Հայաստանում անցած գարնանն իշխանափոխությունից հետո Օրբելյանի եւ Հայաստանի մշակույթի այն ժամանակվա ղեկավարության միջեւ լուրջ տարաձայնություններ առաջացան։ Այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցը օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում իր գործունեության 100 օրվա արդյունքներն ամփոփելով՝ մատնանշեց թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Օրբելյանն ի պատասխան ասաց, որ մշակույթի նախարարության մտադրությունը՝ բաժանել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, համարում է սակավարդյունավետ գաղափար։ Իսկ Նազենի Ղարիբյանը, որը նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին ազատելու գլխավոր պատճառներից մեկն է նշել նրա ռուսալեզու լինելը՝ չպարզաբանելով, թե ինչ չափանիշներով է որոշվում հայերենին տիրապետելու աստիճանը։ Օրբելյանին կոլեկտիվի միահամուռ պաշտպանությունից, բողոքի ակցիայից հետո իշխանությունները մասամբ նահանջել են՝ տնօրենի պաշտոնակատար նշանակելով նրա տեղակալներից մեկին։