Հայաստանի Մշակույթի նախարարության նպատակն է Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնից հեռացնելը: Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Նրա խոսքով՝ սա հետեւում է ներքին խոսակցություններից, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում վարագույրների հետեւում, որոշ անձանց լիազորությունների չարաշահման վկայությունն է: «Անհրաժեշտ է վարչապետին ներկայացնել ճշմարտությունը եւ նրան օգնել տեսնել այն: Նրա ստացած տեղեկությունների մեծ մասը իրականությանը չի համապատասխանում: Անհրաժեշտ է վարչապետին հասցնել անհրաժեշտ տեղեկությունները, որպեսզի նա ապատեղեկատվությանը չհետեւի»,- նշեց նա:

Արզումանյանը վստահ է, որ մեկ մարդու կողմից թատրոնի ղեկավարումն ավելի արդյունավետ կլինի, իսկ այն, որ այսօր գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը, արվել է նախկին իշխանությունների կողմից, որպեսզի ազդեցության լծակներ ունենան: «Մենք հույս ունենք, որ Կոնստանտին Օրբելյանը կշարունակի իր պաշտոնը զբաղեցնել 3 տարի, ինչպես նախատեսված է պայմանագրով, իսկ այս ժամկետի լրանալուց հետո պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ»,- եզրափակեց դիրիժորը:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մարտի 29-ին հայտարարել էր, որ նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո ԶԼՄ-ներում հնչեցվել են տնօրենի հավանական թեկնածուների անուններ, այդ թվում եւ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանի անունը, որը հարսանիքներին թամադա է աշխատել։ Հայաստանում անցած գարնանն իշխանափոխությունից հետո Օրբելյանի եւ Հայաստանի մշակույթի այն ժամանակվա ղեկավարության միջեւ լուրջ տարաձայնություններ առաջացան։ Այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցը օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում իր գործունեության 100 օրվա արդյունքներն ամփոփելով՝ մատնանշեց թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Օրբելյանն ի պատասխան ասաց, որ մշակույթի նախարարության մտադրությունը՝ բաժանել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, համարում է սակավարդյունավետ գաղափար։ Իսկ Նազենի Ղարիբյանը, որը նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին ազատելու գլխավոր պատճառներից մեկն է նշել նրա ռուսալեզու լինելը՝ չպարզաբանելով, թե ինչ չափանիշներով է որոշվում հայերենին տիրապետելու աստիճանը։ Օրբելյանին կոլեկտիվի միահամուռ պաշտպանությունից, բողոքի ակցիայից հետո իշխանությունները մասամբ նահանջել են՝ տնօրենի պաշտոնակատար նշանակելով նրա տեղակալներից մեկին։