Հայ ազգային կոնգրեսի համակիր, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին արդեն ձերբակալել են եւ այս պահին նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը:

Մեր ունեցած տեղեկություններով Սամսոն Խաչատրյանի հետ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք բերման է ենթարկվել եւս երկու մարդ` Միսակ Հովակիմյանն ու Պողոս Թրմզյանը, որոնց հետագայում ազատ են արձակել:

Սամսոն Խաչատրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում անհայտ անձինք առեւանգել են բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի համակիր Սամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է:

Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ են հավաքվել ՀԱԿ-ի բազմաթիվ ակտիվիստներ: