ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կներկայացնեն Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ առաքելության երկար սպասված հաշվետվությունը։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։
Նրա խոսքով, այս զեկույցը կներկայացվի նաեւ Հայաստանի նախագահին։
Նա ընդգծել է, որ այցի նպատակը ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները շարունակելն է։
Ռուս համանախագահը Բաքու մեկնել է այսօր՝ մարտի 14-ին։ Վաղն Ադրբեջան կմեկնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն եւ Բերնար Ֆասյեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, համանախագահները մարտի 16-ին կժամանեն Երեւան։ Նրանք կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։
Իգոր Պոպովը չի պարզաբանել, թե տարածաշրջանային այցի շրջանակներում իրենք կմեկնե՞ն արդյոք Լեռնային Ղարաբաղ։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատող առաքելությունը ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի այցելել էր անցած տարվա հոկտեմբերին։ Հաշվետվության հրապարակումը հետաձգվել է մի քանի անգամ։





























