Ադրբեջանն այսօր Հարավային Կովկասի ահաբեկիչն է հանդիսանում, մարտի 15-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շահգրգռված չէ ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորմամբ, դրա համար էլ անընդհատ լարում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առկա իրավիճակը։ «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո եւս Բաքուն գնաց հերթական ավանտյուրային՝ հայտարարելով որ հայ զինծառայողների կողմից սպանվել է մի 10-ամյա ադրբեջանցի։ Դա սուտ է, եւ միջազգային հանրությունը պետք է հետաքննություն անցկացնի այս դեպքի առնչությամբ»,- հայտարարեց Աթանեսյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանը ներկայումս չի գնա լայնածավալ մարտական գործողությունների։

Աթանեսյանը նշեց, որ Ադրբեջանի «նյարդայնությունը» պայմանավորված է այն փաստով, որ վերջին  ժամանակներս միջազգային հանրությունը մեծ նշանակություն է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքին։