Թերթը ուշագրավ ակնարկ է ներկայացրել Բեռլինից, որը ձեր ուշադրությանն ենք հանձնում մասնակի կրճատումներով.

«Բեռլինի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսն աշխարհում ամենամեծ տուրիստական ցուցահանդեսն է: Այստեղ ներսում արդեն առանց քարտեզի, միայն մարդկանց հետեւելով չես կարող կողմորոշվել, քանի որ հազարավոր, հարյուրհազարավոր մարդիկ, որ այցելում են ցուցահանդես, տարբեր ուղղություններով են գնում: Ցուցահանդեսն ունի ավելի քան 2 տասնյակ սրահներ, երբեմն դրանք իրենց ենթատաղավարներն էլ ունեն: Օրինակ` Հայաստանն իր տուրիստական 22 կազմակերպություններով ներկայացված էր 3.2 տաղավարում:

Ժպտերես աշխատակցուհին ինձ բացատրեց, թե ցուցահանդեսի որ ավտոբուսն է այդ սրահների մոտ մեկնում:

Շատերն են ասում, որ ցուցահանդեսը հսկայածավալ է, թե անհնարին է 1 այցով 1 օրում ամենը տեսնել: Երբ ասում եմ սրահ, մի պատկերացրեք 20-30 կամ 100 քմ-անոց մի տարածք, ամեն մի սրահը մոտավորապես մեր կառավարության շենքի չափն ունի, իսկ ամբողջ ցուցահանդեսի ընդգրկումը մեծ կլինի Երեւանի հրապարակից 2-3, գուցե եւ 4 անգամ:

Թուրքական երաժշտության բարձր ձայնն ինձ հեռվից հուշեց, որ հասել եմ այն սրահ, որտեղ հարավկովկասյան երկրներն են ներկայացված, նաեւ Թուրքիան, Իրաքը, Ալբանիան, Բուլղարիան...

Վրացական մի երաժշտական խումբ է նվագում, տաղավարի պատասխանատուն հարցազրույց է տալիս, ադրբեջանականում համեմատաբար հանգիստ վիճակ է, բայց նրանք էլ իրենց պարային խմբին «գործուղել են» այլ տաղավար ելույթներ տալու, ազգագրական երգի հնչյունների ու պարային ռիթմերի ներքո «Ադրբեջան» քարոզելու.... Իրաքցիները անցորդներին ու հետաքրքրվողներին շքեղ տուփի մեջ դրված իրաքյան հուշանվեր են տալիս, եւ վերջապես` Հայաստան: Մենք 188 երկրների մեջ համեստ ենք ներկայացված: Տուրիստական կազմակերպությունների գրքույկներում ու տեղեկատվական թերթիկներում Հայաստանի արտաքին գովազդն արված է որպես հին ու մշակութային հսկայական ժառանգություն կրող ազգի: Նրանք ընդգրկել են նաեւ Տաթեւի նորաբաց ճոպանուղին, որը բազմիցս է նշվել, աշխարհում ամենաերկարն է:

Հարցնում եմ, թե ԼՂՀ-ն ներկայացված չէ՞ ցուցահանդեսում, թե արդյոք մենք մշակութային համարներ կամ բեմադրություններ չունե՞նք Երկու անգամ «չէ» եւ մեկ հումորա-արդարացնող պատասխան` մենք փող ենք տվել մեր հարեւաններին` վրացիներին, իրենք են երգում: «Բայց թուրքերը շատ շքեղ են ներկայացված, մենք էլ այդքան հարուստ չենք, որ իրենց էլ վճարենք», ասում եմ:

Վերցրեցի մի քանի տեղեկատվական գրքույկներ, մի հայ տիկնոջից նվեր ստացա Հայաստանից բերված շոկոլադապատ չրեր ու գնացի դեպի այլ տաղավարներ: Ճապոնիան իր տաղավարները դժբախտ իրադրությունների պատճառով փակել էր»: