Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման դեպքում Լեհաստանն ու եվրոպական երկրներն ունակ են պարտության մատնել ռուսական բանակին՝ ավիացիայի ոլորտում ունեցած զգալի առավելության շնորհիվ, գրում է Focus-ը։ «Եթե Ռուսաստանը հարձակվեր մեզ վրա, և մենք հանեինք ձեռնոցները, կարծում եմ՝ բավականին արագ կհաղթեինք Ռուսաստանին։ Մենք օդում ճնշող առավելություն ունենք Ռուսաստանի նկատմամբ»,— հայտարարել է Սիկորսկին։ Երկրի սպառազինության մեջ կա F-16C/D Block 52+ տեսակի 48 կործանիչ։ Վարշավան պատվիրել է նաև հարավկորեական 48 FA-50 ինքնաթիռ և 32 F-35A կործանիչ։
Սիկորսկին որպես օրինակ է բերել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հասցրած հարվածները։ «Եթե ուկրաինացիներին հաջողվեց վեց ամսում շարքից հանել ռուսական նավթավերամշակման հզորությունների կեսը, ապա մենք կարող էինք դա անել վեց շաբաթում և ոչնչացնել մնացած կեսը»,— հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը։ Սիկորսկու խոսքով՝ եվրոպական պետությունները պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համոզեն, որ պատրաստ են պատասխանել հնարավոր ագրեսիային և ԵՄ-ի վրա հավանական հարձակումը Մոսկվայի համար անհավանական թանկ նստեցնել։ Նախարարը նշել է, որ եվրոպական երկրների հնարավորությունները թերագնահատվում են։ Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների պաշտպանական ծախսերը միասին վերցրած արդեն գերազանցում են Ռուսաստանի ռազմական բյուջեն։ Նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության՝ եվրոպական երկրները կարողանում են օդում առավելություն պահպանել Ռուսաստանի նկատմամբ։
Լեհաստանն իր ծրագիրն ունի Կալինինգրադի մարզի վերաբերյալ։ Սիկորսկու խոսքով՝ Վարշավան ուշադիր հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ տարածաշրջանում, որտեղ ռուսական զորքեր գրեթե չկան։ «Պուտինը գիտի կամ ենթադրում է, որ ՆԱՏՕ-ն խաղաղասեր դաշինք է, և մենք չենք օգտվի նրա տեղային թուլությունից։ Եվ, հնարավոր է, դա սխալ է»,— ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը։ Սիկորսկին պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ին չի առաջարկում գրավել մարզը, այլ առաջարկում է լայնամասշտաբ ռազմական վարժանքներ անցկացնել։ Նրա կարծիքով՝ այս մարտավարությունը Մոսկվային ստիպելու է զորքեր տեղափոխել մարզ և կրճատել Ուկրաինայում ռուսական զորախումբը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեկ հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին Վարշավան Ռուսաստանի կողմից շատ ինտենսիվ գործողություններ է սպասում և չի բացառում, որ էսկալացիան կարող է ազդել նաև լեհական տարածքի վրա։ Լեհաստանն իրականացնում է «Արևելյան վահան» նախագիծը Բելառուսի և Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով։ Այն ներառում է պաշտպանական ամրաշինական և հակատանկային կառույցների շինարարություն։ ՆԱՏՕ-ի մյուս երկրները նույնպես նմանատիպ քայլեր են ձեռնարկում։ Շվեդիան ուժեղացնում է Կալինինգրադի մարզից 300 կմ հեռավորության վրա գտնվող Գոտլանդ կղզու պաշտպանությունը։ Բալթյան երկրները ստեղծում են Baltic Defence Line համակարգը՝ պաշտպանական կառույցների շղթա Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կալինինգրադի մարզի ոչ բարեկամական շրջապատումը իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն է պահանջում։





























