Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Այս փոփոխություններով առաջարկվում է Հայաստանում ձևավորել երկու նոր խոշորացված համայնք՝ Վանաձորն ու Արարատը։

Նախագծին «կողմ» է քվեարկել 61 պատգամավոր, «դեմ»՝ 34-ը, իսկ 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը հայտնել է, որ Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ նախատեսվում է ձևավորել նոր խոշորացված Վանաձոր համայնքը՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորմամբ՝ նոր խոշորացված Արարատ համայնքը, որը կընդգրկի 32 բնակավայր։

«Միավորման ծրագրով հանրային լսումներ են անցկացվել համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ», — վստահեցրել է փոխնախարարը։

Նա նշել է, որ 2016 թվականից ի վեր համայնքների խոշորացման շրջանակում կիրառվել է երկու մոդել՝ փնջային և շրջանային։

«Տեղական և միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով համայնքների միավորումն ավելի արդյունավետ է։ Այն առավելապես նպաստում է համայնքների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքների կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի արդյունավետ իրականացմանը», — ասել է Ավետիսյանը։

Արդյունքում, նրա խոսքով, Հայաստանում կձևավորվի 62 համայնք, որոնցից 55-ը կլինեն բազմաբնակավայր։

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց հերթին մտահոգություն են հայտնել խոշորացման գործընթացի վերաբերյալ՝ պնդելով, որ համայնքներում քննարկումները պատշաճ մակարդակով չեն անցկացվել։

Նիստի ընթացքում հնչել է նաև տեսակետ, որ նախաձեռնությունը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ոչ թե համայնքների շահերով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները, բնականաբար, համաձայն չեն եղել այդ գնահատականին։ Նրանց պնդմամբ՝ խոշորացումն ուղղված է բոլոր համայնքների բնակիչների համար հավասար պայմանների ապահովմանը։

Քննարկումների ընթացքում պատգամավորները բարձրացրել են նաև տեղական հանրաքվեի միջոցով համայնքների միավորման նպատակահարմարության հարցը։