Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) խոշոր ավտոմայրուղիներից մեկում երկու երթուղային միկրոավտոբուսի և ամենագնացի բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, ևս մի քանիսը ստացել են ծանր վնասվածքներ։
Ինչպես հաղորդում է The Independent-ը, ողբերգական պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի երեկոյան Արևմտյան Քեյփ նահանգում՝ Փրինս Ալբերտ և Լեու-Գամկա քաղաքների միջև ընկած ճանապարհահատվածում (Քեյփթաունից մոտ 380 կիլոմետր դեպի արևելք)։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երկու երթուղայինների ճակատային բախման հետևանքով, ինչից հետո դրանց է բախվել նաև ամենագնացը։
Ճանապարհային երթևեկության կառավարման կորպորացիայի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորներից երեքին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։





























