ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ավարտեց պետական այցը Ճապոնիա եւ հեռացավ երկրից։ Ամերիկյան ղեկավարի թռիչքը ուղիղ եթերով ցուցադրել են ճապոնական ազգային հեռուստաալիքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Երեքշաբթի Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ այցելել է ճապոնական ՌԾՈւ ամենամեծ նավերից մեկը՝ ուղղաթիռակիր «Կագա» նավ Յոկոսուկա բազայում, Տոկիոյի ծոցում։ Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Վաշինգտոնի եւ Տոկիոյի ռազմական միությունն ամուր է, ինչպես երբեք։ Թրամփը հանդես է եկել ԱՄՆ ՌԾՈւ Wasp դեսանտային նավի ամերիկյան զինծառայողների առջեւ Յոկոսուկայում։
Նախօրեին Թրամփը հանդիպել էր Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի հետ՝ դառնալով առաջին օտարերկրացի առաջնորդը, որն արժանացել է միապետի ընդունելությանը։ Կայսերական զույգի հետ հանդիպումը կարեւոր կետ էր Ճապոնիա Թրամփի պետական այցելության շրջանակում, ինչը քանիցս ընդգծել է ինքը՝ ԱՄՆ նախագահը։





























