Երեքշաբթի առաջին ընթերցմամբ 21-րդ գումարման Քնեսետը (Իսրայելի խորհրդարանը) ընդունել է վաղաժամ ինքնալուծարման մասին օրինագիծը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը:
«Մայիսի 28-ին Քնեսետի լիագումար նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ՝ 66 կողմ, 44 դեմ եւ 1 ձեռնպահ, հաստատվել է 21-րդ գումարման Քնեսետը վաղաժամ լուծարելու եւ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Քնեսետի 22-րդ գումարման համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին օրինագիծը»,-ասվում է կոմյունիկեում: Երեքշաբթի՝ ժամը 11:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), կհրավիրվի հատուկ հանձնաժողով, որը կպատրաստի փաստաթուղթը երկրորդ եւ երրորդ ընթարցման:
Ավելի վաղ վարչապետ Բինյամին Նեթանյահուի հաղորդմամբ, օրինագիծը կներկայացվի պալատին վերջնական հաստատման համար մայիսի 29-ի երեկոյան,եթե վարչապետին չհաջողվի ձեւավորել կառավարական կոալիցիա՝ ապրիլի 9-ին կայացած ընտրությունների արդյունքների համաձայն: Չորեքշաբթի 23:59-ին լրանում է 42-օրյա ժամկետը, որի ընթացքում, ըստ օրենքի, Նեթանյահուն կարող էր ձեւավորել նոր կառավարությունը:
Կիրակի Նեթանյահուն հանձնարարել էր «Լիկուդ» կուսակցությունից պատգամավոր Միկի Զոհարին նախապատրաստել Քսենետի լուծարման մասին օրինագիծը: «Մեծ ցավով խնդրում եմ ձեզ սատարել Քսենետի մասին իմ օրինագիծը»,-երեքշաբթի ասել է Զոհարը պատգամավորներին:
Ինքը՝ Նեթանյահուն, երկուշաբթի խոստացել էր անել հնարավոր ամեն ինչ իրեն հատկացված ժամանակի ընթացքում կառավարական կոալիցիա ձեւավորելու համար: Kan պետական ռադիոն հաղորդել էր, որ Նեթանյահուի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հետ բանակցությունների հերթական փուլն ավարտվել էր առանց որեւէ պայմանավորվածության:
Ժամանակակից Իսրայելի պատմության 71 տարիների ընթացքում երբեք չեն անցկացվել կրկնակի ընտրություններ:





























