Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Նազարբաեւի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներն ու ընթացիկ իրավիճակը:
Նազարբաեւը նշել է, որ շատ երկրներ եւ կազմակերպություններ հետաքրքրված են ԵԱՏՄ հետ համագործակցությամբ եւ ընդգծել է միության տնտեսական գործընկերների աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունը:
«Վաղն այստեղ կկայանա ԵԱՏՄ հոբելյանական նիստը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը, հաջողությամբ կատարում եք առաջադրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջ գնալ»,- ասել է Նազարբաեւը:
Իր հերթին, Տիգրան Սարգսյանը նշել է տնտեսական միության զարգացման գործում ձեռքբերումները:
«Շնորհակալ եմ Ձեզ ինտեգրման հարցերի քննարկման եւ 25 տարի առաջ առաջարկված գաղափարների իրականացման հնարավորության համար: Արդեն 5 տարի իրականացնում ենք այդ նախագիծը: Իմաստությունը, որը Դուք դրսեւորել եք քառորդ դար առաջ, կենսական անհրաժեշտություն է եղել մեր երկրների համար»,- ասել է նա:





























